ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայից փախստականների օգնության ծրագիրը

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը դադարեցրել է ուկրաինացի փախստականների՝ «Հանուն Ուկրաինայի միավորման» (United for Ukraine, U4U) ծրագրի շրջանակում երկիր մուտք գործելու հայտերի ընդունումը։ Այս մասին ծանուցումը հայտնվել է ծառայության կայքում, փոխանցում է РБК-ն։

«2025թ. հունվարի 20-ի «Մեր սահմանների պաշտպանությունը» հրամանագրի առնչությամբ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը դադարեցնում է I-134A ձևի ընդունումը, ֆինանսական աջակցությանը մասնակցելու առցանց հայտը՝ այնքան ժամանակ, մինչև որ մենք կվերանայենք U4U-ի բոլոր պայմանները՝ սույն կարգի պահանջներին համապատասխան»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։

Մինչ այդ New York Times-ը (NYT) գրել էր «առանցքային» նախաձեռնության դադարեցման մասին, որը թույլ էր տալիս Ուկրաինայի քաղաքացիներին ժամանակավոր կարգավիճակով մուտք գործել ԱՄՆ։ Պարբերականի տվյալներով՝ մինչև 2023թ. սեպտեմբերն այս ծրագրի մասնակից է դարձել ավելի քան 150 հազար մարդ։

Նախաձեռնության շրջանակում ուկրաինացիներն ու նրանց անմիջական հարազատները կարող են երկու տարի մնալ ԱՄՆ-ում։ Միաժամանակ, ինչպես նշել են Սպիտակ տան ներկայացուցիչները NYT-ի հետ զրույցում, ի սկզբանե նման ծրագրերի պայմանները հակասում էին ամերիկյան օրենսդրությանը։ Բացի Ուկրաինայի քաղաքացիներից, դրանք գործել են Կուբայի, Հայիթիի, Վենեսուելայի և այլ երկրների քաղաքացիների համար։