ԱԽՔ-ը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության խաչմերուկը»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե որքան են շարունակելու խաղաղություն խնդրել, երբ Ալիևը հակառակի մասին է խոսում՝ Գրիգորյանը պատասխանեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»։
Նրա խոսքով՝ առաջարկություններ են փոխանցել ադրբեջանական կողմին, սպասում են պատասխանի։
«Խոսքն այն երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցի վերաբերյալ հրապարակային խոսել ենք և հուսով ենք՝ լուծումներ կգտնենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին՝ ԱԽ քարտուղարն ասաց.
«Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել են, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծվի տարածաշրջանում:
«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,-ասաց ԱԽՔ-ը:

