Թբիլիսին Երևանին և Բաքվին եռակողմ համագործակցության առաջարկ է ներկայացրել

Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն տարբեր ոլորտներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը՝ մեջբերելով Կոբախիձեի հայտարարությունը Բաքվում տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել և խթանել համագործակցությունը տարածաշրջանում: Վրաստանը կողմերին առաջարկում է եռակողմ համագործակցության նախաձեռնություն, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեն նաև նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում խաղաղությունն ու կայունությունն էլ ավելի կարևոր են դառնում տարածաշրջանի զարգացման և կայուն բարգավաճման համար։