Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Գևորգ Պապոյան
«Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, որ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված. որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով»,- անցած տարին ամփոփող ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան պատահի։
«Էդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի»,- եզրակացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ բացատրելով, որ դա նշանակում է արտադրել և արտահանել մրցունակ ապրանքներ աշխարհի տարբեր վայրեր։
Նախարարի կարծիքով՝ ոչ թե ԵԱՏՄ-ն պետք է փոխարինել, այլ ծավալներն այնտեղ պահել, մեծացնել և մյուսների հետ էլ մեծացնել ու ավելացնել։
Պապոյանը հայտարարեց, թե Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերն արդեն ԱՄԷ-ն է, իսկ առևտրային գործընկերների շարքում ՌԴ-ի հետ միասին կա նաև Չինաստանը, ԵՄ-ը և այլն։
Անդրադառնալով ԵՄ-Հայաստան խնդրին՝ նախարարը բացատրեց. «Ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+-ից (մաքսատուրքից ազատված էինք, կամ ցածր մաքսատուրք ենք վճարում), հիմա միջին եկամուտներով երկիր ենք համարվում՝ 8500 դոլարը գերազանցող մեկ շնչին ընկնող եկամուտով և մաքսային արտոնություններից զրկվել ենք։ Բայց կա տեքստիլի և փայլաթիթեղի հիմնախնդիր, և նախատեսվում է պետության աջակցությունը»։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը բացատրեց, որ խնդիրը բոլոր ուղղություններով մաքսիմալ շատ թելեր գծելն է։

