Փաշինյանը որոշել է օրհներգի տողերի տեղերը փոխել՝ խախտելով ՀՀ օրենքը, և հպարտանում են․ Գեղամ Մանուկյան
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով Սիսակ Գաբրելյանին՝ ասաց.
«Պարոն Գաբրիելյան, ասում եք, որ ՀՀ կառավարության որոշմամբ օրներգն օրենքով նախատեսված դեպքերում կարող է օգտագործվել նաև կրճատ տարբերակով։ Մարզական խաղեր, պարգևատրման արարողությունների դեպքում լրիվ հասկանալի է, բայց հիմա որտե՞ղ է երաշխավորությունը, որ կառավարությունը գրեթե բոլոր արարողակարգերի համար չի հաստատի մեկ քառատողով օրհներգի կատարում։ Այսինքն, լայն հնարավորություն եք տալիս կառավարությանը, որ ուղղակի մենակ խորհրդարանի նստաշրջանի բացմանն ամբողջությամբ կատարվի, մնացած բոլորում չկատարվի։ Եթե այս օրենքն ընդունվեց, խորհրդարանի դահլիճում պետք է կատարվի «Մեր հայրենիքը», ես էլն որպես Գեղամ Մանուկյան որոշում եմ քառատողերի հերթականությունը փոխել, այսինքն օրենքը խախտել, դրա համար կա՞ նախատեսված պատասխանատվություն»,- ասաց Մանուկյանը:
Արձագանքելով՝ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենքում նշված է, որ այն ենթադրում է որոշակի պատասխանատվություն:
«Դուք եք նշել, որ օրհներգը կարճ տարբերակով որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով ու հավանության է արժանացել հանրության կողմից։ Ես հասկանում եմ, որ քանի որ կառավարությունը չուներ պաշտոնական ձայնագրություն, ճաշակին համապատասխան Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրինակ տեղերը փոխեն, կամ Ալեն Սիմոնյանը, մի հատ ինչ-որ փոքր երգչախումբ է գտել ու այս խեղճ մարդկանց էլ՝ Քննչական կոմիտե, ԱԱԾ, Ազգային ժողով, ամեն տեղ տանում են և խախտելով Հայաստանի Հանրապետության օրենքը՝ արդեն փոխված հերթականությամբ վերջին ամիսներին հնչեցնում են և հպարտանում են, որ իրենք վարչական իրավախախտում են արել, բայց դե գիտեք, Հայաստանում դա արդեն սովորական է»,- շարունակեց Գեղամ Մանուկյանը։

