Սիրիայի նոր արտգործնախարարի ԺՊ-ն կրթություն է ստացել Թուրքիայում

Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է սիրիական «SANA» լրատվական գործակալություննը:  Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան սիրիական ժողովրդի՝ միջազգային հարաբերություններ հաստատելու իր ձգտմանը, որոնք խաղաղություն և կայունություն կբերեն։

Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել ալ-Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:

Ուշագրավ է, որ Սիրիայի նորանշանակ արտգործնախարարը կրթություն է ստացել Թուրքիայում՝ մասնավորապես 2022-ին պաշտպանելով մագիստրոսական թեզ Ստամբուլում գտնվող  Սաբահաթթին Զաիմի համալսարանում:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում ալ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:

Ալ-Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչի կրթություն: