Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել Սիրիայում ձևավորված նոր կառավարության ղեկավար Ահմեդ էշ Շարայի հետ: Այս մասին գրում է ermenihaber.am–ը:
Ֆիդանի և Շարայի հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայում ձևավորված ժամանակավոր կառավարության արտգործնախարար Էսաադ Հասան Շեյբանը:
Թուրքիայի արտգործնախարարի՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ հանդիպումը նկարագրվել է հետևյալ կերպ. «Տարիներ անց մեր իրականացրած այցը լինելու է Սիրիայի ժողովրդի համար հույսերով լի նոր ժամանակափուլի առաջին քայլը»:
Հանդիպման ընթացքում Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Բացի այդ Ֆիդանն առաջնահերթություն է համարել Սիրիայում կայունության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության վերացումը, ազգային հաշտեցումը, տնտեսական զարգացման ապահովումը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հնարավորություն կտան երկրից լքած սիրիացիներին վերադառնալ հայրենիք։
Նշենք, որ Թուրքական մամուլում Ֆիդան–Շարայ հանդիպումը որակվել է «պատմական»: Այն առաջին այցն էր Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի տապալումից հետո:

