Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը

Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը կայացած նախնական ընտրությունների արդյունքում Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի Սարիկ Մինասյանը։ Նա ստացել է 253 ձայն։

Նախնական ընտրությունների քվեաթերթիկների ընդհանուր թիվը եղել է 1050, անվավեր քվեաթերթիկների թիվը` 34, անճշտությունները` 11։ Ձայները թեկնածուների մեջ բաշխվել են հետևյալ կերպ.

  1. Անանյան Լևոն 91
  2. Առուշանյան Դավիթ 220
  3. Արամյան Շավարշ 88
  4. Մինասյան Սարիկ 253
  5. Վարդանյան Էմմա 113
  6. Մկրտչյան Վահագն 138
  7. Սարուխանյան Կարեն 143։

Սարիկ Մինասյանը ծնվել է 1980թ․, Գյումրիում։ Նա անկուսակցական է։ 2018 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4–ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Գյումրու քաղաքապետի նախնական ընտրությունների մասնակիցների անունները։

Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:

Պարտադիր պայման էր, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։

Հիշեցնենք նաև` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։