Գյումրիում շարունակվում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի ընտրությունը
Գյումրիում ընթացքի մեջ է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը: Շրջիկ խմբերը պատահականության սկզբունքով այցելում են քաղաքի տարբեր թաղամասեր ու տներ։ Ընտրություններն անցկացնելու են դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին:
Առավելագույն ձայներ ստացած թեկնածուն՝ վարչապետի որոշմամբ, նշանակվելու է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ որոշ ժամանակ անց անցկացվելու են ավագանու արտահերթ ընտրություններ։
«Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջում են Գյումրիում և առաջարկում ընտրել իրենց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին»,-ֆեյսբուքի էջում նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Թեկնածուները յոթն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ և համախոհներ՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:

