Մեռած ձևանալու տարբերակը, ինչպես բանակցելիս անում են Փաշինյանենք, չի աշխատելու. Հայկ Մամիջանյան

«Գիտե՞ք` ինչի չեն ասում բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, դա շատ պարզ բացատրություն ունի, որը կապ չունի խորհրդապահության, բանակցային էթիկայի հետ, որովհետև ՀՀ անունից բանակցող կողմը կարմիր գծեր չունի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով,  իշխանությունը վախենում է հնչեցնել կարմիր գիծ, հետո ասել՝ վայ, ու մի սուտ էլ դրա համար ստիպված լինի հորինել: «Հայաստանի անունից բանակցողները կարմիր գիծ չունեն, որովհետև Փաշինյանն ընկած է Ալիևի աֆտոգրաֆն ստանալու հետևից: Դա կապ չունի ՀՀ անվտանգային համակարգերի, ԼՂ հայերի վերադարձի կամ ինքնորոշման իրավունքի իրացման հետ, դա կապված է բացառապես 2026 թվականի հետ, որովհետև իրեն պետք է թուղթ, որի վրա գրված է «խաղաղություն»: Այդ թուղթը կեղծ է լինելու, բացառապես կապ չի ունենալու իրականության հետ, ու այդ թղթի վրա լինելու է Ալիևի ստորագրությունը, որ կարողանա քարոզարշավ անել»,- ասաց նա:

Մամիջանյանը անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների հետ Հայաստանը պետք է երկխոսի՝ ասաց, որ հայտնի պատճառներով իշխանությունը դրան չի արձագանքում, բայց պետք է արձագանքի ընդդիմությունը։ «Անընդունելի է  հավասարության նշաններ դնել այդ երկու գործընթացների միջև: Հիշենք, թե ինչպես է իրականացվել Հայաստանում բնակեցվող Խորհրդային Միության տարիներին ադրբեջանցիների հեռացումը Խորհրդային Հայաստանից: Կան փաստաթղթեր, որ իրենց փոխհատուցումներ են տվել, իրենց տրամադրվել է  տրանսպորտ, անվտանգություն, իրենք գույքը հետները տարել են․ համեմատե՞նք, թե խորհրդային Ադրբեջանում ինչպես է իրականացվել բախումները և նմանօրինակ երևույթները»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ չի տեսնում ադրբեջանական կողմից բարի կամքի դրսևորում՝ գերիներ չեն ազատվում, ՀՀ սուվերեն տարածքում շարունակում են մնալ ադրբեջանցի զինյալները, շարունակվում է պետական մակարդակով հակահայկական ռետորիկա, Ադրբեջանի ԱԳՆ-ը մասնակցում է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ միջոցառման ու այնտեղից էլի ինչ-որ պայմաններ հնչեցնում Հայաստանին:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց, թե «մեռած ձևանալու տարբերակը, ինչպես անում են Փաշինյանենք,  չի աշխատելու։ Մեռած ձևանալով՝ Ադրբեջանի հետ չեն բանակցում։ Ոչ մի բան չասենք, հանկարծ չջղայնացնենք տարբերակով Ադրբեջանի հետ չեն բանակցում, առհասարակ ոչ մի երկրի հետ չեն բանակցում, դու պետք է հստակ քո կարմիր գծերը նշես»։