Մենք պատրաստ ենք Երևանի հետ բաց և առարկայական խոսակցության. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Մենք դեմ չենք Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, դրա մրցակցային առավելությունների օգտագործմանը, բայց ելնում ենք նրանից, որ դա չպետք է արվի ի վնաս հայ-ռուսական արդեն իսկ հաստատված կապերի և առավել ևս ոչ հանուն մի շարք արևմտյան երկրների ամորֆ և քաղաքականացված գաղափարների իրականացման, քանի որ այդ գաղափարները զուգակցված են միայն Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման հետ։ Այս մասին նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Իր խոսքում նա նաև նշել է.

«Մենք անկեղծորեն արժևորում ենք մեր հարաբերությունները Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Մենք միշտ փորձում ենք շատ խնամքով վերաբերվել ռուս-հայկական դաշինքին։

Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, ընդհանուր պատմության, մշակույթի և արժեքային համակարգերի, ինչպես նաև բազմաթիվ նյութական հիմքերի և նախագծերի վրա։

Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է համաձայնագրերի ողջ շրջանակին ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում ասոցիացիաների շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։

Մենք տարիներ շարունակ միասին աշխատել ենք Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը ձևավորելու ուղղությամբ։ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված է եղել և կլինի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։

Այս ակտուալ թեմայի շուրջ մենք պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ, առարկայական զրույցի։

Չնայած հայտնի խնդրահարույց հարցերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմաբնույթ երկխոսությունը։ Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ միջոցառումների շրջանակներում։

Ակտիվորեն զարգանում է առևտրատնտեսական փոխգործակցությունը, ապրանքաշրջանառությունը հասել է աննախադեպ մակարդակի։ Խոսքը 14-16 միլիարդ դոլարի մասին է։

Արդյունքը բազմաթիվ օգտակար նախագծերն են մշակութային և հումանիտար ոլորտում: Կարևոր է պահպանել և մեծացնել այդ դրական միտումները։

Մեր երկրների սերտ համակարգումը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, հայ բնակչության բարեկեցության գրավականն է։ Մենք բարձր ենք գնահատում 2024թ.-ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ռուսաստանը մնում է հանրապետության տնտեսական, պարենային և էներգետիկ անվտանգության ապահովման երաշխավորը»։