Թբիլիսիում բողոքի ակցիաների պատճառով իրավիճակը լարված է, կան ձերբակալվածներ

Թբիլիսիում վաղ առավոտյան բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, կան ձերբակալվածներ։ Ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

«Բախումների հետևանքով ոստիկան է վիրավորվել»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Թբիլիսիում ակցիային միացել է Վրաստանի  նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Դեռ կեսգիշերից առաջ ուժայինները սկսել են ցուցարարներին հետ մղել խորհրդարանից, իսկ գիշերվա ժամը 1 -ին մոտ ջրցան մեքենա է կիրառվել։ Գործի են դրվել արցունքաբեր գազ և ծխային ռումբեր։ Ցուցարարները սկսել են կառուցել և հրկիզել բարիկադներ, հատուկջոկատայինները դրանք մարել են ջրցան մեքենաներով։ Կան տուժածներ։ Հաղորդվում է, որ վնասվածքներ են ստացել «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներ Էլենե Խոշտարիան և Նանա Մալաշխիան։