Եթե ԲԴԽ ղեկավարը մեկ SMS-ով փախնում է, ապա դատավորների գործը բուրդ է․ Ռոբերտ Քոչարյան

«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված անձն է, մեկ SMS-ով փախնում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան SMS-ներ։ Իրավո՞ւնք ունենք այդպես մտածելու․ իրավունք ունենք,- այսօր դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։- Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը, եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր գործը բուրդ է»»։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում յուրաքանչյուրը կարող է մտածել` այս դատավորն SMS-ով հարց լուծո՞ղ է, անկախ է, թե ոչ։

Հիշեցնենք` Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։

Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել, իսկ մինչ այդ և դրանց հետո սկսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել նոր պաշտոնյաների անունները։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։  Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։

Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը: