Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ

«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Նա նշեց, որ այլ հարցերի չի կարղ պատասխանել՝ հաշվի առնելով գործընթացները։

Դիտարկմանը, որ արցախցիները ցանկանում են օգտվել դրանցից, Արմեն Նուրբեկյանն ասաց. «Քանի որ Սահմանադրական դատարան են դիմել, չեմ կարող որևէ բան ասել։ Որոշումներ կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված որևէ խնդիր չկա, գումարներն ապահով պահվում են»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ Սահմանադրական դատարան են դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։