ՌԱՀՀԿ-ն 30 տարեկան է. նա հավատարիմ է մնացել բարեվարքության և անկախության իր սկզբունքներին. Րաֆֆի Հովհաննիսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) նշել է իր հիմնադրման 30 ամյակը այստեղ՝ կենտրոնական գրասենյակում կազմակերպված ընդունելությամբ։
Ռազմավարական հետազոտությունների և վերլուծության Հայաստանի առաջին անկախ ինստիտուտի` ՌԱՀՀԿ-ի հիմնադրման տոնակատարությանը մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը, Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, բարձրաստիճան դիվանագետներ Ռուսաստանի Դաշնությունից, Ռումինիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, ՌԱՀՀԿ ներկա և նախկին աշխատակիցներ, պատգամավորներ, և մամուլի ու հանրության հետ կապերի պատասխանատու գործընկերներ:
«Որպես ռազմավարական մտքի և քաղաքականության վերլուծության յուրօրինակ դրոշակակիր՝ ՌԱՀՀԿ-ն հավատարիմ է մնացել բարեվարքության և անկախության իր սկզբունքներին ամենադժվար ժամանակներում և շարունակում է ձգտել ինստիտուցիոնալ քաղաքականության կերտման մշակույթին, այլ ոչ թե անհատապաշտության վրա հիմնված քաղաքականությանը մեր պայքարող երիտասարդ ազգի գործերում»,- բացման խոսքում ասաց հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:

