Կոկսակի վիրուսներն ախտահարում են տարբեր օրգաններ և համակարգեր

Էնտերովիրուսային վարակները վարակիչ հիվանդություններ են, որոնք փոխանցվում են բերանա-կղանքային, օդա-կաթիլային, ինչպես նաև կոնտակտային ճանապարհներով: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից նշում են, որ Էնտերովիրուսային վարակների հիմնական հարուցիչները Կոկսակի և ECHO տիպի էնտերովիրուսներն են:

Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են՝ թուլությունը, ուժեղ գլխացավը,  լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնում ցավերը, սրտխառնոցը, փսխումը:
Կախված մարդու օրգանիզմում վիրուսի տեղեկայումից՝ էնտերովիրուսները առաջացնում են կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի հիվանդություններ, գաղտնի շրջանը տատանվում է 1-10 օր:  Հիմնական ռիսկի խմբում երեխաներն են:
Կոկսակի վիրուսներն ախտահարելով տարբեր օրգանները և համակարգերը՝ առաջացնում են մաշկի և լորձաթաղանթների հիվանդություններ, այդ թվում՝ կոնյուկտիվիտ, «ձեռք-ոտք-բերան» հիվանդություն, շճային մենինգիտ, սրտամկանի, լյարդի  ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Հիվանդություններն  ընթանում են կլինիկորեն ծանր և միջին ծանրության, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ:

Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից.

  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հատկապես նորածինների խնամքի ժամանակ,
  • միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով,
  • խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել,
  • խուսափել պատահական վայրերում սնվելուց, չօգտագործել կասկածելի ջուր։