Թուրքիայի դեսպանատունը հերքել է Ֆիդանի՝ Բաքվում գաղտնի հանդիպում անցկացնելու մասին լուրերը
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, թե Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքու կատարած վերջին այցի ընթացքում գաղտնի հանդիպում է անցկացրել և տարբեր հանձնարարություններ տվել։ Դեսպանատան հայտարարության համաձայն՝ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրել է «Anadolu» գործակալությունը։
Դեսպանատունը նշել է, որ «Qafqazinfo» կայքում և մի շարք այլ լրատվամիջոցներում հրապարակված՝ «Հաքան Ֆիդանի հանդիպման կուլիսները» վերնագրով նյութը հիմնված է անհիմն պնդումների վրա։ Ըստ դեսպանատան՝ հրապարակումը Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները վնասելու նպատակով իրականացվող ապատեղեկատվական փորձերի մաս է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական «Qafqazinfo» կայքը պնդել էր, որ Հաքան Ֆիդանը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Երիտասարդությանն աջակցության հիմնադրամում» (GYF) և որոշակի հանձնարարություններ տվել։ Հրապարակման մեջ ենթադրություններ էին արվել, թե հիմնադրամը կապված է Թուրքիայի հետախուզական կառույցների հետ և կարող է օգտագործվել Ադրբեջանում թուրքական ազդեցության ընդլայնման ու հետախուզական տեղեկությունների հավաքագրման նպատակով։
Կայքը նաև վկայակոչել էր Թուրքիայի խորհրդարանին Ֆիդանի՝ իբր 2025 թվականին ուղարկած նամակը, որն, ըստ հրապարակման, վերաբերում էր արտերկրում գործող թուրքական հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգմանը։

