Բուհերում կապիտալ ծախսերի նպատակահարմարություն չենք տեսնում. ԿԳՄՍ նախարար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի պետական բյուջեով բուհերի ուղղությամբ մեծ կապիտալ ծախսեր չի նախատեսում «Ակադեմիական քաղաք» ծրագրի առկայության պայմաններում։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե մամուլում հրապարակումների համաձայն, «ակադեմիական քաղաքի» կառուցման հետ կապված հրաման կա, որ բուհական հաստատությունների համար այլևս կապիտալ ծախսերն իբրև թե արգելվում են։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե կա՞ նման որոշում։
«Բուհերում անընդհատ տեղի են ունենում վերանորոգման և գույքի հագեցման աշխատանքներ, և այդ ամենը պարբերաբար լուսաբանվում է։ Քանի որ ունենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որտեղ ամբողջական նոր ենթակառուցվածքներ են նախատեսվում, չենք տեսնում նպատակահարմարություն էական նոր կապիտալ շինարարություն Երևանում գտնվող ենթակառուցվածքներում, հետևաբար պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցում կամ այնպիսի բնույթի կապիտալ ծախսերի իրականացում, որոնք հետագայում չեն օգտագործելու կամ դրանց արդյունավետության խնդիր է բարձրացվելու»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե բուհերն այս պահին իրենց լաբորատորիները վերազինում են, սարքավորումներ են ձեռք բերում և տարրական կոմունալ պայմաններ են ապահովում, այդ դեպքում որևէ խնդիր չի տեսնում։
«Այստեղ տրամաբանությունը հետևյալն է. քանի որ մենք ունենք ակադեմիական քաղաքի ծրագիրը, որտեղ ամբողջական նոր ենթակառուցվածք պետք է ձևավորվի, չենք տեսնում մեծ նպատակահարմարություն էական նոր կապիտալ շինարարություն անել Երևանում գտնվող ենթակառուցվածքներում։
Պետության կողմից չի խրախուսվում նոր մասնաշենքերի կառուցումը կամ այնպիսի բնույթի կապիտալ ծախսերի իրականացումը, որը հետագայում չի օգտագործվելու կամ դրա արդյունավետության խնդիր է բարձրացնելու»,- ասաց Անդրեասյանը։

