ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանում ընտրություններին տեղի ունեցած միջազգային նորմերի բոլոր խախտումները
«Վրաստանի կենսունակ ժողովրդավարությունը ուժի աղբյուր է 2004 թվականից ի վեր, և երեկվա մասնակցությունը ցույց է տալիս վրացի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը»,- այս մասին ասվում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։
«2024 թվականին, սակայն, միջազգային և տեղական դիտորդները նշել են նախընտրական միջավայր, որը նշանավորվել է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ։ Այս ամենը նպաստել է անհավասար պայմաններին ու խաթարել հասարակության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Բլինքենի՝ թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք են, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված է եղել, սակայն ԱՄՆ-ն նշում է խախտումների և պատահական բռնությունների մասին հաղորդումները։
«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

