ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացները տարբեր են, թեև կարող են փոխազդել. Ռուբեն Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-ասաց նա՝ նշելով, թե տարածաշրջանում շատ գործընթացներ կարող են նպաստել։
Իսկ թե ինչու ձեռք բերված պայմանավորվածությունը, այն է՝ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացել, չի իրագործվում՝ Ռուբինյանը հաստատեց, որ «այո՛, այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ, և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություներ հաստատված»։
Իսկ ինչու թուրքական կողմը քայլ չի անում, հնարավոր է՝ Թուրքիան սպասո՞ւմ է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը, որից հետո միայն կիրականացնի պայմանավորվածությունները, Ռուբինյանն արձագանքեց, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ իր վերջին հանդիպմանը իրենք պայմանավորվել են, որ գործընթացը շարունակում են առանց նախապայմանների։

