Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը սկսել են տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր» ընկերությյունը մայրաքաղաքում մեկնարկել են առաջիկա օրերին սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։

Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։

Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով»,- նշված է գրառման մեջ:

Ընդգծվում է, որ հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։