Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է․ «Սիվիլնեթ»
«Սիվիլնեթը» գրում է․ https://www.civilnet.am/news/800184/
«Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել է, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։
Լրատվամիջոցը որպես աղբյուր նշել է Army Recognition պաշտպանական նորությունների հարթակը, որն էլ իր հերթին հղում է արել հարավկորեական «Չոսուն Բիզ» լրատվամիջոցին։
«ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ»,- նշվում է «Արմենպրեսի» հոդվածում։
Այս տեղեկությունը տարածել են նաև News.am, Factor.am, Tert.am, Auroranews.am, Sputnik Արմենիա, Lurer.com, RadarArmenia, Armday.am, Freenews.am, 1-in.am կայքերը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը և այլ լրատվամիջոցներ։ Այս կայքերի մեծամասնութունը հղում են արել «Արմենպրես»-ին։
Ինչպե՞ս տարածվեց այս տեղեկատվությունը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով Հարավային Կորեայում էր՝ մասնակցելու «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» միջազգային գագաթնաժողովին: Ո՛չ հայկական, ո՛չ հարավկորեական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել զինտեխնիկայի ձեռքբերման շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Այցից օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ոչ պաշտոնական խոսափողը համարվող Caliber.az-ն իր «վստահելի աղբյուրների» վկայակոչմամբ հայտնել էր, թե հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը՝ նախարար Պապիկյանի գլխավորությամբ, Սեուլում բանակցել և իբր պայմանավորվածություն է ձեռք բերել հարավկորեական զինատեսակների ձեռքբերման վերաբերյալ։
Շաբաթներ անց՝ հոկտեմբերի 4-ին, հարավկորեական Biz.chosun.com լրատվամիջոցը նույնպես գրել էր հայկական կողմի և հարավկորեական իշխանությունների միջև տանկերի ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին: Սակայն Chosun Biz-ը հղում է արել ադրբեջանական Caliber.az-ի հրապարակմանը՝ սխալմամբ այն ներկայացնելով հայկական լրատվամիջոց:
Հարավկորեական թերթը գրել էր. «Վկայակոչելով ազդեցիկ աղբյուրներ՝ հայկական լրատվամիջոց Caliber-ը հաղորդում է, որ նախարար Պապիկյանը Կորեական զենքի մատակարարման շուրջ բանակցություններ է վարել Սեուլում հանդիպմանը մասնակցելուց առանձին»:
Ինչպես տեղեկությունը հասավ հայկական լրատվամիջոցներին
Պաշտպանության և անվտանգությանը վերաբերող հարցեր լուսաբանող Army Recognition ամսագիրը հոկտեմբերի 7-ին գրել էր, որ Հայաստանը հետաքրքրված է հարավկորեական K2 հիմնական մարտական տանկով։ Ամսագիրը որպես աղբյուր նշել էր կորեական Chosun Biz-ի հոկտեմբերի 4-ի հրապարակումը, որն էլ որպես սկզբնաղբյուր նշում է Caliber-ը։
Նույն օրը հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ պաշտոնական «Արմենպրես» գործակալությունը, սկսեցին տարածել տեղեկատվությունը՝ հղում անելով Army Recognition հարթակին՝ կրկին առանց տեղեկատվության սկզբնաղբյուրը պարզելու:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ քարոզչական haqqin.az-ը, շրջանառության մեջ դրեցին տեղեկությունը՝ արդեն հղում անելով հայկական լրատվամիջոցներին։
Ուշագրավ է, որ հայկական բազմաթիվ աղբյուրներ, որոնք տարածել են կորեական տանկերի ձեռքբերման անհիմն տեղեկությունը, կապված են իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, այդ թվում՝ FreeNews, AraratNews, MediaNews, ArmeniaToday.news, ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Փաստորեն, հայկական լրատվամիջոցները հղում են անում Army Recognition հարթակին, որն իր հերթին հղում էր արել հարավկորեական Chosun Biz-ին, իսկ վերջինս հղում էր արել ադրբեջանական Caliber.az-ի չհաստատված տեղեկությանը՝ կարծելով, թե այն հայկական լրատվամիջոց է:
Այսպիսով, Հայաստանի կողմից հարավկորեական K2 «Սև հովազ» մարտական տանկերի հնարավոր ձեռքբերման մասին տեղեկությունները հիմնված են ադրբեջանական աղբյուրի տարածած չհաստատված տեղեկատվության վրա»։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը

