Մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը

90 տարեկանում մահացել է մուլտիպլիկատոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարինա Ոսկանյանցը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։

Ոսկանյանցը 32 տարի՝ 1959-1991 թվականներին, «Սոյուզմուլտֆիլմում» աշխատել է որպես մուլտիպլիկատոր, որից հետո շարունակել է համագործակցել ստուդիայի հետ։

Նա աշխատել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի վրա, այդ թվում՝ «Բրեմենյան երաժիշտներ», «Մատնաչափիկ», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Կար-չկար մի շուն», «Կախարդական մատանին», «Երեք հաստլիկները», «Լոլո պինգվինի արկածները» և այլն։

Կապկովը նշել է, որ Ոսկանյանցը հիմնականում մասնագիտացել է պարային տեսարաններում։ Նա «Սոյուզմուլտֆիլմում» իր կարիերայի պսակը համարել է այն տեսարանը, որ «Շչելկունչիկ» մուլտֆիլմում  (1973 թվական) Մաշան ցախավելով պարում է տոնածառի շուրջ: