Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից․ Դավիթ Վարդանյան
Ֆրանսիական հեղինակավոր Le Point պարբերականը «Աշխարհն աչք է փակել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վրա» խորագրով հարցազրույցում Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանն անդրադառնալով COP29-ը Բաքվում անցկացնելու մասին հարցին՝ ասել է․
-Ինչպե՞ս կարելի է COP-ը վստահել նավթային պետությանը, որի արտահանման եկամուտների 90%-ը ստացվում է նավթից, որի քաղաքականությունը հիմնված է որքան հնարավոր է՝ ավելի շատ գազ և նավթ արդյունահանելու վրա, և որը, միևնույն ժամանակ, ամբողջությամբ ոտնահարում է մարդու իրավունքները: Իմ կարծիքով, մենք չենք կարող տարանջատել կլիմայական արդարությունն ու մարդու իրավունքները։ Այդ երկուսը փոխկապակցված են: Եթե մենք ցանկանում ենք լուրջ վերաբերմունքի արժանանալ զարգացող երկրների կողմից, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում COP-ի նման կոնֆերանսները, որպեսզի տեսնեն, թե ինչ կարելի է անել, մենք պետք է պահանջենք հյուրընկալող երկրներից, որ վերջիններս մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Հուսով եմ, որ մյուսները կհետևեն Փարիզի քաղաքապետ տիկին Իդալգոյի օրինակին, որը հրապարակավ ասաց, որ ինքը չի գնա COP՝ Ադրբեջանի վարքագծի պատճառով։ Այս պահից սկսած մինչև նոյեմբեր մենք հնարավորություն ունենք ճնշում գործադրելու Բաքվի վրա»։
-Արդյո՞ք միջազգային հանրությունը չափազանց ներողամիտ է Ադրբեջանի նկատմամբ:
-Ադրբեջանն աշխարհում ազատության ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից մեկն է։ Ըստ FreedomHouse-ի՝ նրա ազատության ինդեքսը 100 հնարավորից 7-ն է։ Մեծ տերություններից Ֆրանսիան միակն էր, որ պատասխանատվության կանչեց Բաքվի ռեժիմին։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա: Նրանք պետք է անեն շատ ավելին, քան արել են նախկինում»:
Հարցազրույցի հայերեն թարգմանությունն ամբողջությամբ՝ այստեղ

