Ինչո՞ւ պետք է ես կաշկանդվեմ Մյուռոնօրհնեքին գնալիս, թող իշխանությունը չլինի

«44-օրյա պատերազմից 4 տարի է անցել, ու այս տարիներին ընդդիմությունը պայքարել է։ Գործիքակազմը տարբեր է եղել և ԱԺ ներս, և ԱԺ դուրս»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտը բաց է, ընդդիմություն են տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, մտավորականներ, որոնք կարող են այդ տեղը լրացնել։

«Մեզ անհրաժեշտ է ավելի լայն համախմբում։ Այդ դեպքում կհասնենք հաջողության»,- ընդգծեց Օհանյանը։

Նա հայտնեց, որ ստացել է Սրբալույս Մյուռոնի արարողության հրավեր։

«Մյուռոնօրհնեքին ես ու էլի մի քանի պատգամավոր մեր խմբակցությունից, հրավեր ստացել ենք ու կմասնակցենք: Մենք միաժամանակ տարբեր միջոցառումների ենք գտնվել, ինչո՞ւ պետք է ես կաշկանդվեմ Մյուռոնօրհնեքին գնալուց, իշխանությունը լինի, ես չլինե՞մ, թող իրենք չլինեն, ես իմ պարտքը կատարելու եմ ու գնալու եմ»:

Խոսելով Փաշինյան-Էրդողան հանդիպմանը մասին, նա ասաց. «Երբ հանդիպում ես մի պետության ղեկավարի հետ, որի երկիրը ցեղասպանություն է իրականացրել, աջակցել Արցախի ժողովրդի նկատմամբ  ցեղասպանությանը, որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահը է։ Ոչ միայն Հայաստանի վրա են ճնշումները շարունակվում, նաև  թուրք-ադրբեջանական տանդեմը գտել է այն ղեկավարին, ով պարտվել է, ու նաև կոնկրետ ճնշում, պարտադրանքներ իրականացնում են Փաշինյանի նկատմամբ՝ Հայաստանի նկատմամբ առավելություններ ստանալու համար»։