Ձերբակալվել է ՌԴ ՊՆ ռազմական ներկայացուցչության ղեկավարը

ՌԴ Քննչական կոմիտեն ձերբակալել է ՌԴ ՊՆ 4 924-րդ ռազմական ներկայացուցչության պետ Իվան Պոպուլովսկուն և նրա ստորադաս Գրիգորի Զորինին 11 մլն ռուբլի կաշառք ստանալու կասկածանքով։ Ինչպես տեղեկացրել են ՔԿ մամուլի ծառայությունում, երկուսն էլ ընդունել են մեղքը։

«Քննչական կոմիտեի ռազմական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություններով (հատկապես խոշոր չափերի կաշառքի ստացում) ՌԴ ՊՆ 4 924 ռազմական ներկայացուցչության պետ Իվան Պոպուլովսկու և նրա ստորադաս Գրիգորի Զորինի դեմ»,- նշվել է հաղորդագրությունում։ Կաշառքի ընդհանուր գումարը, որը նրանք ստացել են 2021-2024 թթ., կազմել է ավելի քան 11 մլն ռուբլի։

«Քննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը, ստուգվում է նրանց հանցակցությունը համանման այլ հանցագործություններին, այդ թվում կապված պետական պաշտպանական պատվերի կարիքների համար հատկացված միջոցների հափշտակման հետ։ Հետաքննության շրջանակում կտրվի նաև կաշառատուների գործողությունների իրավական գնահատականը»,- նշել են ՔԿ-ում։