Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը: Այս մասին տեղեկացնում են Թատերական գործիչների միությունից։
Սամվել Մհերի Խալաթյան (հունվարի 9, 1950, Կիրովական, Հայկական ԽՍՀ), հայ գրող, դրամատուրգ, արձակագիր, բանաստեղծ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հայաստանի Գրողների, Թատերական գործիչների, Ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիայի (IFJ) անդամ։
Սամվել Խալաթյանը ստեղծագործել և մամուլում տպագրվել է դպրոցական տարիներից։ Բազմաժանր գրող է։ Հրատարակել է բանաստեղծությունների, վիպակների, մենագրությունների, պիեսների ու երգիծանքների 52 ժողովածու (22-ը՝ ալմանախային)։ Ստեղծագործությունները թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն, ֆրանսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Հեղինակած թատերագրությունները, երգիծական պատմվածքները, այլ ժանրերի ստեղծագործություններ տեղ են գտնում գրական-գեղարվեստական բազմաթիվ հանդեսներում և կայքերում, ժանրային էլեկտրոնային գրադարաններում։
Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ թատրոններում՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյանի արտիստական», «Գոյի», «Փոսի», Գյումրու, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Հրազդանի, Գորիսի պետթատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս-Անջելեսի, Ստամբուլի, Քյոլնի, Ստեփանակերտի, Թբիլիսիի հայկական թատրոններում և այլ թատերախմբերում։
«Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան SIBIU միջազգային թատերական փառատոնում համարվել է 2004 թվականի լավագույն պիեսներից մեկը՝ անգլերեն և ռումիներեն հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում։
Հեղինակել է կոմպոզիտոր Ստեփան Ռոստունու «Հարևաններ» ֆոլկ-օպերայի լիբրետոն (1983 թ.), Վանաձորի «Հորովել» համույթի «Թումանյանական աշխարհ» պարային ներկայացման հեղինակային տեքստը, կարճամետրաժ մի քանի ֆիլմերի սցենարներ։
«Կեսօրյա ստվերներ» վիպակի մոտիվներով «Շանթ» ՀԸ-ում նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալը՝ 2013 թվական։
Նրա բանաստեղծություններով, տեքստերով երգեր են գրել կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստունին, Աիդա Ավետիսյանը, Գագիկ Աղաբաբյանը, երգահան Արամ Ասատրյանը և այլք։ Երգչախմբային «Ղարաքիլիսա» (նվիրված՝ հերոսամարտի 100-ամյակին) և «Դըբա Լավը» երգերի (խոսքի և երաժշտության) հեղինակն է։ Հեղինակել է թատերարվեստի, կերպարվեստի, գրականության բազմաթիվ գրախոսություններ, համաքաղաքային և մարզային թատերականցված միջոցառումների սցենարներ։

