Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ ունեցած նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԲՐԻԿՍ և ԲՐԻԿՍ + երկրների անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների հանդիպման շրջանակում երկկողմ աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալիի Աքբար Ահմադիանի հետ։
Mehr գործակալության հաղորդմամբ՝ Շոյգուն ասել է, որ իր երկիրը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։
«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում չի փոխվել»,- Շոյգուի հայտարարությունը մեջբերում է իրանական գործակալությունը։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Թասնիմ» գործակալությունը, որը մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հայտնել էին, թե Թեհրանը դժգոհ է, որ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Գործակալությունը հայտնել էր, որ Իրանը «դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ռուսական կողմին համապատասխան ուղերձ փոխանցելու համար»։

