Ավելի քան 400 օտարերկրացիներ «ոչ բարեկամական երկրներից» ապաստան են ստացել Ռուսաստանում. ՌԴ ՆԳՆ

«Ոչ բարեկամական» երկրների 400 քաղաքացիներ ապաստան են ստացել ՌԴ-ում, նրանք «կիսում են ռուսական հոգևոր և մշակութային արժեքները և դիմել են պաշտպանության համար՝ ապաստան ստանալով Ռուսաստանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի ՆԳՆ-ն ակտիվ աշխատանք է իրականացնում ոչ բարեկամական երկրների օտարերկրյա քաղաքացիներին (որոնք ընտրել են ՌԴ հոգևոր և մշակութային արժեքները և դիմել են նրա տարածքում պաշտպանություն ստանալու համար) աջակցություն ցուցաբերելու հարցում։ Ներկա պահին ժամանակավոր ապաստան է տրամադրվել ավելի քան 400 անձանց»,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Քաղաքացիների մեծ մասը Ռուսաստան է եկել Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից և Կանադայից, նշել են ՆԳՆ-ում։

2023թ. վերջին ՆԳՆ-ն տեղեկացել էր, որ 9 ամսում Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստանալու համար, «ռուսաստանյան պետական քաղաքականությանն աջակցելու հետ կապված սպառնալիքների պատճառով», դիմել են ավելի քան 110 քաղաքացիներ Գերմանիայից և 84 քաղաքացիներ մերձբալթյան պետություններից։