Ուկրաինան հունվարի 1-ից կդադարեցնի ռուսական նավթի և գազի տարանցումը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիևը դադարեցնելու է ռուսական գազի և նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։

«Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի՝ 2025 թ. հունվարի 1-ից աշխատանքը դադարեցնելու է նաև «Դրուժբա» նավթատարը։ Նավթը դրանով ստանում էին Սլովակիան, Չեխիան և մեր սիրելի Հունգարիան։ ԵՄ բանաձևի համաձայն՝ նրանք պետք է նավթի դիվերսիֆիկացման հնարավորություններ գտնեն և դադարեցնեն ռուսականի տարանցումն Ուկրաինայով։ Նույնը վերաբերում է նաև գազին»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով, եթե եվրոպական երկրներից մեկը հարկ համարի գազ ստանալ Ղազախստանից կամ Ադրբեջանից, ապա Ուկրաինան «պատրաստ է տարանցել այն»։ Դրա համար, նշել է Պոդոլյակը, պետք է լինեն «համապատասխան լոգիստիկա, պայմանագրեր, որտեղ նշված կլինի Ուկրաինայի տարանցիկ դերը»։

Ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» պայմանագիրը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին ավարտվում է 2024թ. վերջին։