ԵՄ-ը նախազգուշացնում է Վրաստանին
Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի իշխանությունների կողմից նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և հարակից միավորումների գործունեությունը հակասահմանադրական ճանաչելու նախաձեռնության իրականացումը կառաջացնի Եվրահանձնաժողովի արձագանքը։ Այս մասին Politico-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։
«Գործողությունների ներկայիս ընթացքը վտանգում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ՝ փաստացի կանգնեցնելով անդամակցության գործընթացը: Եվրահանձնաժողովը ուշադիր հետևում է Վրաստանի հռետորաբանությանը և զարգացումներին և պատրաստ է համարժեք արձագանքել։ Բոլոր տարբերակները սեղանին են, և մենք կգործենք համարժեքորեն, եթե այդ հայտարարությունները կյանքի կոչվեն»,- մեկնաբանել է Ստանոն վրացական իշխանությունների ծրագրերը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե հաղթի գալիք խորհրդարանական ընտրություններում և օրենսդիր մարմնում ստանա սահմանադրական մեծամասնություն, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կճանաչի հակասահմանադրական:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին:

