Նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը. պահանջում են հետիոտնային անցում կառուցել

Երևանի «Վերածնունդ» երիտասարդական նորակառույց ավանի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը՝ պահանջելով թաղամասի մոտ գտնվող ճանապարհներին հետիոտնային անցումներ կառուցել։ Թաղամասն արդեն բնակեցված է, բայց հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, իսկ քաղաքապետարանը, բնակիչների խոսքով, հստակ չի պատասխանում, թե երբ կլուծի հարցը։

Բնակիչները արդեն 3 տարի է՝ մի քանի անգամ դիմումներ է ուղարկել քաղաքապետարան, սակայն ապարդյուն։

Մեծերի ակցիային մասնակցում են նաև նրանց երեխաները․ նրանք ճանապարհը փակած հատվածում կավիճներով հետիոտնային անցում են նկարել։

«Մենք պահանջում ենք մինչև սեպտեմբերի 1-ը մեր նշած հատվածում լինի զեբրա, կանչով լուսացույց, իսկ արդեն հետագա ամիսներին ստորգետնյա, կամ վերգետնյա անցում»,- իրենց պահանջը բարձրաձայնեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչների խոսքով, թաղամասով չի անցնում հանրային տրանսպորտ, կանգառներ չկան։