Մեր ձեռքից խլում են մեր ապրուստը. Վարդենուտցիների հողերը գերակա հանրային շահ են ճանաչվել
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները կառավարության մոտ բողոքի են ելել՝ իրենց ապրուստի միջոց հողերը վերցնում են իրենց ձեռքից։ Նրանք պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ, որպեսզի լսի իրենց, ներկայացնի կառավարության դիրքորոշումը։
Գյուղացիների խոսքով, Կառավարությունը գերակա շահ է ճանաչել ու հողերը դատարանով օտարվել են։ Խոսքը մոտ 40 անձանց հողերի մասին է՝ 117 հեկտար սեփականաշնորհած հողատարածքի։
«Քանի որ ապրում ենք գյուղում, մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ, այդ հողը մեր ապրուսի միջոցն է, մեր ձեռքից խլում են մեր ապրուստի միջոցը։
Մեր հողը ո՞ւմ տանք, ո՞ւր գնանք, թափառաշրջիկ, նպաստառո՞ւ դառնանք։ Ես այդ հողով իմ ընտանիքը լիարժեք պահում եմ, կերակրում եմ։ Ինչո՞ւ են իմ ձեռքից խլում իմ ապրուստը»,- ասաց գյուղացիներից մեկը։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2023-ի մարտի 2-ին հավանություն տվեց «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արագած» ծրագրին, որով նախատեսվում էր լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական համալիր ստեղծել Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերում։

