Կապան քաղաքի օրվան նվիրված կազմակերպվել են տոնական միջոցառումներ
«Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք» խորագրի ներքո՝ մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական հանդիսավոր նիստ, որի ընթացքում կապանցիներին շնորհավորել են Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Հակոբ Ղազանչյանը և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
Ավանդույթի համաձայն՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ և համայնքի կայուն զարգացման տարբեր ոլորտներում ներդրում ունեցած երախտավորներ՝ համայնքի ղեկավարի կողմից արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների։
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որոշմամբ՝ երկարամյա գիտամանկավարժական և գիտահետազոտական արդյունավետ գործունեություն ծավալելու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հիմնադրման ու զարգացման գործում անձնական մեծ ներդրում և նշանակալի վաստակ ունենալու համար Կապան համայնքի բարձրագույն՝ «Կապան» մեդալով է պարգևատրվել Սեյրան Բալասանյանը։
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը վայելել է Քաղաքի օրվան և «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլի 5-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառումը:

