Թրամփի դեմ մահափորձից հետո Բայդենը նրա հետ հեռախոսազրույց է ունեցել․ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի հետ: CNN-ը մանրամասներ է ներկայացրել զրույցից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձից հետո Բայդենի և Թրամփի միջև զրույցը անցել է հարգալից մթնոլորտում։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հեռուստաալիքին պատմել է, որ Բայդենը Թրամփին հավաստիացրել է՝ կարգադրել է կատարվածի ամբողջական հետաքննություն անցկացնել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա Թրամփի և Բայդենի միջև վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին խոսակցությունն էր, որ նրանք անցկացրել են առանց միջնորդների։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Բայդենն այդ զրույցի ընթացքում հայտարարել է, որ քաղաքական բռնության նկատմամբ հանդուրժողական չեն լինելու։

Թրամփի և Բայդենի միջև զրույցը տեղի է ունեցել հուլիսի 13-ի երեկոյան՝ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնել են Սպիտակ տանը:

Նշենք, որ Հայաստանի ժամանակով հուլիսի 14-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թ․ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպմանը նրա նկատմամբ մահափորձ է կատարվել։

Անսպասելի հնչել են կրակոցներ, ինչից հետո բեմին գտնվող Թրամփը ձեռքը տարել է ականջը և նստել տրիբունայի հետևում: Նրան շրջապատել են թիկնապահները:

Թրամփին տեղափոխել են Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկը:

Ավելի ուշ նա հայտարարել է, որ վիրավորում է ստացել ականջի շրջանում և շատ արյուն է կորցրել:

Թրամփի ելույթը հեռարձակել են տեղական լրատվամիջոցները: