Ադրբեջանը ուզում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ. խորհրդարանի խոսնակ
Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ, հայտարարել է երկրի Միլի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խրախուսում է երկխոսությունը, համագործակցությունն ու համերաշխությունը, մասնավորապես, այն վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ը Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանը հունվարի 1-ից ստանձնել է միավորման նախագահությունը։
ԲՐԻԿՍ-ը ներկայում ներառում է 10 պետություններ: 2006 թվականին հիմնադրումից ի վեր ԲՐԻԿՍ խումբն անցել է ընդլայնման երկու ալիքով: 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման հինգ նոր անդամները՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, ԲՐԻԿՍ -ում լիարժեք աշխատանքը սկսել են 2024 թվականի հունվարի 1-ից:

