Ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն. Նիկոլ Փաշինյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը կառավարության նիստում զեկուցեց Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին որոշումը, որով գումար է հատկացվելու մասնավոր լողավազաններում երեխաների լողով զբաղվելը խրախուսելու համար։
Նախատեսվում է 2024 թվականին 9.5 մլն դրամ հատկացնել 9 լողավազանի 22-ական երեխային 4 ամիս լողով զբաղվելու համար, յուրաքանչյուրի համար ամսական 12 հազար դրամ։
«Մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մենք ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է, ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ, էս-էն»,-հայտնեց Փաշինյանը։
Նա նշեց, որ շատ զգույշ են մոտենում այդ խնդրին, որովհետև գործիքներ պետք է ունենան, որպեսզի երեխաները գնան իրոք լողով զբաղվեն։
«Ոչ թե մենք հազարավոր երեխաների ցուցակ ունենանք, որ իրենք էլ չիմանան, որ իրենք լողի չեմպիոն են և բյուջեից գումարներ գնան այդ կազմակերպություններ։ Այն գաղափարը, որ կարող ենք այդ գումարը երեխաներին տալ, չի աշխատի, որովհետև ծնողները կարող են երեխայի ձեռքից այդ գումարները վերցնեն, կամ իրենք երեխաները կորոշեն այլ բանի վրա ծախսել և չգնալ լողի։ Իսկ մեզ պետք է, որ նրանք գնան լողի, գնան սպորտի,-ասաց Փաշինյանը։-Անընդհատ այդ չարաշահումները, դեֆորմացումները տեղի են ունենում բայց այն չի նշանակում, որ չպետք է գնանք այդ ճանապարհով, դա էլ է ճանապարհ։ Պետք է այդ ճանապարհն անցնենք, որ ըմբռնում ձևավորվի, որ այդ ճանապարհը բոլորովին այլ գաղափարի մասին է»։

