Օրենքով կսահմանվեն ինքնագլորների օգտագործման կանոնները

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններին, որով կկարգավորվեն չմուշկների, սկուտերների, էլեկտրական սկուտերների, սքեյթբորդների, էլեկտրական սքեյթբորդների, ինքնակառավարիչ սկուտերների, հիրոսքութերների, սեգվեյների, միանիվների և այլ նմանատիպ սարքավորումների օգտագործումը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ սարքավորումներն օգտագործվում են նաև անչափահասների կողմից։ Ներկայումս որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական տեղաշարժման այս միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։

Օրենքի նախագծով սահմնվում է՝

18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից ինքնագլորների միջոցներով երթևեկությունը թույլատրվում է՝

1) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով.

2) մայթով կամ հետիոտնային արահետով հետևյալ դեպքերում, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին կամ դրանցով երթևեկելն անհնար է,

3) կողնակով, եթե բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը կամ հետիոտնային արահետը կամ դրանցով երթևեկելն անհնար է.

4)երթևեկելի մասի աջ եզրով հետևյալ դեպքերում.

ա. բացակայում են հեծանվային և հեծանվահետիոտնային արահետները, հեծանվորդների համար գոտին, մայթը, հետիոտնային արահետը կամ կողնակը կամ դրանցով երթևեկելն անհնար է,

բ. ինքնագլորը հագեցած է արգելակով, ձայնային ազդանշանով, առջևում՝ սպիտակ, կողքերից՝ նարնջագույն կամ կարմիր, իսկ հետևում՝ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով, առջևում՝ սպիտակ լուսարձակով (լապտեր), որը պետք է միացված լինի օրվա մութ ժամանակ կամ անբավարար տեսանելիության պայմաններում։