Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից. Համլետ Պետրոսյան
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաչքարերի մասին հնչեցրած կարծիքին՝ գրել է․
«Դառնացած եմ խաչքարի մասին վարչապետի հուզախառն դատողություններից:
Նախ՝ խաչքարներ չեն, այլ խաչքարեր:
Խաչքարերը իշխանության, քաղաքական կուսակցությունների, ընդդիմության, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չեն: Խաչքարային մշակույթի նոր ալիքը՝ սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ծագել, զարգացել և մնում է զուտ ժողովրդական նախաձեռնություն: Իհարկե, կարելի է քննել, խոսել դրա լավ ու վատ դրսևորումների մասին:
Բայց այն միանշանակ հանրույթի մի զգալի մասի դարերով փորձված արձագանքն է իրավիճակին, նրա հույսի դրսևորումն է, երբ իրականությունն ու քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս: Նախ այս մասին պիտի մտածել, բարձրաձայնել, հասկանալ: Խաչքարերը միջոց են, արդյունք և ոչ պատճառ»։

