Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու․ Կիրանցի վարչական ղեկավար

Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու: Այս մասին նշել է տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ լրագրող Ոսկան Սարգսյանի հետ զրույցում:

Լրագրողը նշել է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը սահմանազատման վերջին օրն է, Կիրանց չափագրողներ չե՞ն գնացել;

Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում։ Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․ Շահինյանի խոսքով՝ դեռևս ճշտված չեն  վիճահարույց 3 սյուների տեղադրման կետերը, եթե 3 կետերը լինեն ըստ ներկայացված  սահմանազատման քարտեզի, ապա  Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի կամուրջը, դրանից 130 մետր էլ դեպի Կիրանց գյուղը, անցնում են Ադրբեջանին։

Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ այդ դեպքում Կիրանցում կառուցվող դպրոցի շենքը (այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին) կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում, ոչ մի ծնող չի համաձայնի, որ իր երեխան այնտեղ դասեր անի։

Հավելեմ, որ 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններում Կիրանցի ընտրողների մեծամասնությունը ընտրել է  ՔՊ կուսակցությանը։ Հերոսական տարեգրություն ունեցող  Կիրանցը Տավուշի սահմանամերձ այն եզակի գյուղերից է, որտեղից վերջին տարիներին արտագաղթ չի եղել, գյուղի բնակչությունն ավելացել է»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: