Գործող օրենքով հոգևոր սպասավորի մուտքը ազատ է անգամ ազատազրկման վայրեր

Ավելի անհեթեթ ու բացահայտ ապօրինի պատճառաբանություն, քան, այսպես կոչված՝ «հատուկ միջոցառումների» պատրվակով Գերաշնորհ Բագրատ Սրբազանի այցելությունը Կիրանց գյուղ արգելելն էր, դժվար է պատկերացնել։ Զավեշտն այն է, որ «Ոստիկանության մասին» օրենքը վերջին շրջանում պարբերաբար բարելավվում է, ինչի մասին բարեխղճորեն զեկույցներ են ուղարկվում միջազգային կառույցներին, բայց դա չի խանգարում, որ ներկա գործելաոճը էլ ավելի հեռանա տարրական իրավակարգից։ Այդ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածները, որոնք սահմանում են հատուկ միջոցառումների դեպքում որոշակի սահմանափակումներ, հեռավոր աղերսներ անգամ չունեն Հոգևոր առաջնորդի մուտքը որևէ բնակավայր արգելելու հետ, իսկ տարածքի որոշ հատվածների շրջափակումը վերաբերում է բոլորին, քանզի վտանգի առկայությունը համընդհանուր է։

Ի դեպ, գործող օրենքով հոգևոր սպասավորի մուտքը ազատ է անգամ ազատազրկման վայրեր…

Հ.Գ. Եթե «Հատուկ միջոցառումները» վերաբերում են հերթական սահմանային նշաններ տեղադրելուն կամ ականազերծման աշխատանքներին, իսկ այդպիսիք, ցավոք, առկա են, ապա դրանք ևս ապօրինի են, քանզի այդպիսի աշխատանքներ թույլատրվում է միայն համապատասխան միջազգային պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո. Սահմանադրությունը խորհրդարանին արդեն իսկ կատարված փաստի առաջ կանգնեցնելու, ըստ այդմ էլ՝ պոստ ֆակտում ընթացակարգ չի նախատեսել՝ բարեբախտաբար…

 

Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր