Ադրբեջանում Ալիևի հրամանով արգելված է պաշտոնական հաղորդագրություններում գործածել ՀՀ տարածքի որևէ բնակավայրի իսկական անվանումը
Ադրբեջանում արդեն ավելի քան երկու տարի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով արգելված է պաշտոնական հաղորդագրություններում գործածել ՀՀ տարածքի որևէ բնակավայրի առնչությամբ դրա իսկական անվանումը, ավելի ճիշտ այն անվանումը, որով այն արձանագրված է ՀՀ քարտեզների վրա։
Փոխարենը, պատրաստվել և պետական բոլոր գերատեսչություններ, ծառայություններ և կոմիտեներ են ուղարկվել հատուկ տեղեկագրքեր, որոնք նախատեսված են տեղանունների՝ այսպես կոչված թարգմանության համար։
Օրինակ, եթե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պետք է տարածի հաղորդագրություն, որտեղ գործածելու է Եղեգնաձորի կամ Վայքի շրջան անվանումները, պարտավոր է բացել տեղեկագիրքը, և այբբենական հերթականության մեջ գտնելով այս անունները՝ դրանց փոխարեն գրել Keşişkənd rayonu կամ Paşalı rayonu ձևերը։
Այս հրամանից ցանկացած շեղում ենթադրում է քրեական գործի հարուցում այն անձի նկատմամբ, ում պատճառով տեղի է ունեցել «շեղումը»։
Սա գրելու և Ալիևի այս քաղաքականության մասին խոսելու կարիք գուցե չլիներ, եթե մեր ժողովրդի դեմ ՀՀ իշխող վարչակարգի կողմից չվարվեր այսքան մանիպուլյատիվ քաղաքականություն։ Քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձին եթեր են տալիս Հ1–ում, որ ասի՝ գտեք ՀՀ քարտեզի վրա Խեյրիմլի կամ Սոֆուլու և կամ Բարխուդարլու բնակավայրերը։
Իհարկե, սովորական հայ մարդը, ով թեմայից դուրս է և զբաղված իր առօրյա հոգսերով, գուցեև չգտնի։ Բայց այդ քաղաքացին վաղը ՀՀ քարտեզի վրա չի գտնելու նաև Քեշիշքյանդ կամ Փաշալը տեղանունները, երբ նույն այդ հիմնավորմամբ նրան համոզեն Ադրբեջանին հանձնել Վայքը և Եղեգնաձորը։

