Աշոտ Փաշինյանը պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում․ Աննա Գրիգորյան
«2023 թ. հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր` 1915 թվականից հետո ամենաողբերգականը, քանի որ իրական հայրենիքը դարձրիք պատմական,- այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023-ի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։- Եթե ՀՀ-ն միայն 29 800 քառ. կմ տարածքն է, ապա մեր հազարավոր տղաները ո՞ր հայրենիքի համար են զոհվել։ Եթե այսօր այդ պատասխանը հնչում է հանուն ՀՀ-ի, ապա ուղիղ մեկ կամ երկու տարի առաջ ասում էիք՝ տղաները զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն Արցախի Հանրապետության»,– ընդգծեց նա։
Դիմելով իշխանության ներկայացուցիչներին` նա հայտարարեց, որ այդ իրենք են իրական հայրենիքը պատմական սարքել։
«Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում, ու Նիկոլ Փաշինյանն էլ ուղղաթիռով իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր գնում, այլ իրական հայրենիքից իրական հայրենիք էր տեղափոխվում։ Հերիք է սա մանիպուլացնեք։ Պատմական ու հոգևոր հայրենիքի մասին բանավեճ ունենալու համար ես Նժդեհ ու Չարենց կկարդայի, այլ ոչ թե կգայի ու այստեղ բանավեճ կանեի։ Մինչդեռ պատմական հայրենիքի մասին խոսելը ձեզ համար ընդամենը վահան է` քողարկելու ձեր բոլոր սխալները, մեղքերը, որոնց արդյունքում դուք բերել եք այս ողբերգության»,– հայտարարեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցրեց` դարձնելով «Արցախի ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն»։
«Այսօր Արցախում հայ չի ապրում, Արցախի ժողովորդի իրավունքը, պայքարը, հաղթանակն այսօր դարձրել եք սոցիալական հարց, ավելին` 40+10 հազարի հարց եք դարձրել։ Այսօր ոչ խոսում եք Արցախի ժողորդի վերադարձի իրավունքի մասին, ոչ ռազմաքաղաքական էլիտայի բանտում գտնվելու ու նրանց վերադարձնելու մասին»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների ռազմավարությունն այն է, որ Արցախը տալիս ենք, ՀՀ-ն պահում ենք։
«Պահեցի՞ք։ 208 քառ. կմ այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, վտանգները չեզոքացված չեն, ավելին` ադրբեջանցիները գտնվում են մեր ռազմավարական բարձունքների վրա, մեր ճանապարհներն են վերահսկում, մի մասը օկուպացրել են։ Ասում էիք` Արցախի հարցը «պավադոկ» է մեր վզին, բայց հիմա է «պավադոկ»` Սյունիքի ճանապարհով գնում ես ու գիտես, որ վերահսկում են քեզ։
Այն, ինչ ՀՀ իշխանությունն արել է Սյունիքում, այսօր պատրաստվում է անել նաև Տավուշում»,- հայտարարեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ

