Ֆինլանդիան դիտարկում է իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման տարբերակները
Ֆինլանդիան ուսումնասիրում է իր տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի տեղակայման հնարավորությունները և դաշնակից ուժերի գործողությունները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յաննե Յակկոլան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք որոշումներ չունենք այդ առնչությամբ, բայց դիտարկում ենք մի շարք տարբերակներ՝ լինեն դրանք ընդլայնված ուսումնական միջոցառումներ, ռոտացիոն մոդել կամ գործունեության այլ տեսակներ։ Ֆինլանդիան ունի համեմատաբար ուժեղ պաշտպանական ուժեր, և ներկայում զորքերի սուր անհրաժեշտություն չկա։ Բայց դա բացառված չէ, – նշել է նա։
Յակկոլան հավելել է, որ այժմ պլաններ են մշակվում, թե ՆԱՏՕ-ն ինչպես կկազմակերպի իր հրամանատարական կառուցվածքը, և ինչպես կարող են դաշնակից ուժերը գործել Ֆինլանդիայում: Այդ կապակցությամբ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Ֆինլանդիան պետք է զորքեր ունենա ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։ Այս թեմայով քննարկումը կկենտրոնանա հրամանատարական կառուցվածքի և այն բանի վրա, թե ՆԱՏՕ-ն ինչպես է գործողությունների պատրաստվում հյուսիսում:
Յակկոլան ասել է, որ Ֆինլանդիայի համար անմիջական ռազմական սպառնալիք չկա, զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի իրավիճակից։
Ֆինլանդիան միակ երկիրն է, որը մշտական հիմունքներով զորքեր չունի ՆԱՏՕ-ի մյուս երկրներից։ Մինչև այժմ նա չի դիմել մյուս երկրներից զորքերի մշտական ներկայության խնդրանքով։

