Տիեզերքից է գալիս Թումանյանի զրնգոցը , լսի է՜, Համո․․․

…Համո Սահյանը, Վահագն Դավթյանը և ես հրավիրված ենք Գորիս՝ մասնակցելու Բակունցյան օրերին: Առավոտյան ճամփա ընկանք: Գորիսի քարտուղարը ավտոմեքենա էր ուղարկել…

Ճանապարհին ասում, խոսում, կատակում էին պոետները. ափսո՜ս շատ բան պատշաճ չէ թղթին հանձնելը:

Արարատյան դաշտից այն կողմ երաշտ էր: Երաշտի ծաղիկը՝ ռնդակը, խեղդել էր ցորենի արտերը:

– Ոտքներս բարի լիներ, մի լավ անձրև գար, անցած տարի էլ մեր գնալուն պես անձրև եկավ, հիշու՞մ ես, Համո, – ասաց Դավթյանը:

Համո Սահյանը ժամանակ առ ժամանակ ննջում ու վեր էր թռնում: Նա սովորություն ուներ պահի տակ, թեկուզ հինգ րոպե, բայց շատ խորը քնել: Դավթյանը ոչ մի վայրկյան աչք չփակեց: Առհասարակ քունը նրա ոխերիմ թշնամին է միշտ եղել, գիտեի, , որ քնաբեր դեղերով է իր քունը մի կերպ առնում։ Ավտոմեքենայի աջ ու ձախ կողմերից ըմբոշխնում էր բնությունը և ափսոսանք հայտնում.

– Ա՛յ մարդ, լացդ ուղղակի գալիս է. սարերը վառվում են:

Ես նայում եմ քար ու քարափներին և շուրթիս բանստեղծներից տողեր են գալիս ․

… Քարե մրրիկ է ու քարե բուք է,

Քարե բողոք է ու քարե բերդ․․․/ Հ․ Սահյան/

Հուշ կդառնամ մի օր․․․ Դարը կիջնի դարի,

Եվ այս քարոտ հողում ես կփոխվեմ քարի․․․/ Վ․ Դավթյան/

Ձայնիս վրա Համո Սահյանը վեր է թռչում։ Վահագն Դավթյանը թե.- Համո, էս մեր Սիլվան չգիտի, որ գալու է ժամանակ, որ մեր ժողովրդի հարստությունն էս քարն է լինելու. ինչ ասես չեն ստանալու քարից: Համո ջան, բայց երևի քար ու քարափներդ ծախելու են, ուտեն հա՜ -կատակում է Դավթյանը:

Մտնում ենք Սյունյաց աշխարհ: Բակունցից են խոսում: Երկուսն էլ այն կարծիքին են, որ մեր արձակում «Խոնարհ աղջկա» նման գործ չի գրվել: Անցան Սարոյանին, Թումանյանին: Ես քառյակներ եմ արտասանում Թումանյանից, Դավթյանն ասում է.

– Տիեզերքի՜ց է գալիս զրնգոցը, մի լսի, է՜, Համո.

Համո Սահյանն էլ թե.

– Վահագ, երիտասարդ տարիներին եթե այսպես հասկանայինք Թումանյանին, երևի չհամարձակվեինք գրիչ վերցնել…

Սիլվա Յուզբաշյանի գրառումներից

ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

27 հունիս, 1985թ.