ԱՊՀ արտգործնախարարությունները համաձայնեցրել են 2024 թվականի աշխատանքի պլանը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները Մինսկում կայացած խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցրել են 2024 թվականի աշխատանքի պլանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«ԱՊՀ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են 2024 թվականի աշխատանքի պլանը։ «2024 թվականին ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության մասին» թեմայով միջգերատեսչական խորհրդատվությունները կայացել են փետրվարի 8-9-ը Համագործակցության կենտրոնակայանում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նիստին մասնակցել են դիվանագետներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և ԱՊՀ Գործադիր կոմիտեից։

«Խորհրդակցությունների մասնակիցները քննարկել են արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար փոխգործակցության ընդլայնման, անվտանգության ոլորտներում համագործակցության և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդման հեռանկարները, ինչպես նաև արտահայտել են իրենց ազգային դիրքորոշումները Համագործակցության շրջանակներում փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ», – նշված է հաղորդագրությունում:

Խորհրդակցությունների մասնակիցներն ԱՊՀ Գործադիր կոմիտեին առաջարկել են շարունակել այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը: