Վստահաբար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. Պապոյանը՝ «Սիներջիի» աշխատակիցների կալանքը փոխելու միջնորդության մասին

Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Սիներջիի» տնօրենի և 2 աշխատակիցենրի խափանման միջոցը փոխելու ՔՊ  երաշխավորությանը։

Պապոյանն անդրադառնալով հարցին, թե վարչապետ Փաշինյանը տեղյա՞կ է, որ ՔՊ խմբակցության պատգամավորները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան «Սիներջիի» տնօրենի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար:

«Ես կուսակցական աշխատանքների, տարածքային կառույցների մասով եմ համակարգում: Հենվենք այն տեղեկության վրա, որ տվել է պարոն Կոնջորյանը, բայց նաև ես գիտեմ՝ մամուլում շատ ակտիվ քննարկվել է, և ենթադրում եմ՝ մամուլի տեղեկությունները հասանելի կլինեն վարչապետին»,- նշեց պատգամավորը:

Հարցին՝ ներկայացվե՞լ է միջնորդությունը, Պապոյանը պատասխանեց, թե չգիտի, սակայն նշեց․ «Վստահաբար անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են»:

Նշենք՝ երեկ Կոնջորյանը, խորհրդարանում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին, հայտարարել էր, թե ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել դատարան՝ «Սիներջիի» տնօրենի (Աշոտ Հովհաննիսյան – խմբ.), Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կին – խմբ.) և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար: «Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի մասին է»,- մանրամասնել էր Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ կոռուպցիոն չարաշահումների գործով 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: