Սիրիայի ԱԳՆ-ը ամերիկյան հարվածները համարում է երկրի ինքնիշխանության խախտում
ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի արևելքում խախտում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Միացյալ Նահանգները ևս մեկ հարձակում իրականացրեց սիրիական տարածքի վրա՝ ավելացնելով արաբ ժողովրդի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության խախտումների ցանկը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման։
Ըստ ԱՄՆ բանակի՝ խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար:

