Ազգային ժողովում օրենք են խախտել․ վարույթ կհարուցվի՞․ «Հրապարակ»

«Հրապարակ»  օրաթերթը գրում է․ Պարզվում է՝ ԱԺ որոշ պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահի գլխավորությամբ, ամիսներ շարունակ ոտնահարել են օրենքը, չեն կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զգուշացումը` առ այն, որ չեն կարող իրենց օգնականները, ռեֆերենտները և ԱԺ այլ աշխատակիցներ միաժամանակ իրենց պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնել: Խոսքը  Երևանի ավագանու անդամի պաշտոնի մասին է։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ձևավորված ավագանու կազմում ընդգրկված են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական Նատալյա Սինորյանը, Ալեն Սիմոնյանի ռեֆերենտ Զինա Չալիկյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնական Սամվել Հակոբյանը, ով, ի դեպ, Ռուբեն Հակոբյանի որդին է, Լևոն Լևոնյանը, ով ե՛ւ ավագանու անդամ է, ե՛ւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը, ով նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է։

Մեր տեղեկություններով՝ դեռևս նախընտրական փուլում, երբ ցուցակները ներկայացվել են ԿԸՀ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր զգուշացրել է իրավասու մարմիններին, այս դեպքում՝ խորհրդարանին, որ հանրային պաշտոնի, ավելի կոնկրետ՝  պետական հայեցողական համարվող օգնականի, ռեֆերենտի պաշտոններն անհամատեղելի են ավագանու անդամի պաշտոնի հետ, ուստի ստիպված են լինելու ընտրություն կատարել` կա՛մ ավագանու անդամ, կա՛մ` ԱԺ աշխատակից։ Սակայն նորընտիր ավագանին ձևավորվել է հոկտեմբերին, և օրենսդիրներից որևէ մեկը չի ազատել օգնական-ռեֆերենտներին։ Հատկապես Հայկ Կոնջորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրների, չի պատրաստվում հրաժարվել իր օգնականից, որը խորհրդարանում բառի բուն իմաստով «ռուլիտ է անում» պատգամավորներին և շատերից ավելի բարձր ստատուս ունի։ Միևնույն ժամանակ՝ նա ուզում է նաև իր աչքն ու ականջն ունենալ Երևանի ավագանու կազմում, վերահսկել Տիգրան Ավինյանի քայլերը, ուստի չի ուզում, որ իր օգնականը հրաժարվի նաև ավագանու մանդատից։ Մինչդեռ օրենքն ասում է նաև, որ երկու անհամատեղելի պաշտոններում աշխատելու մեկ ամսվա ընթացքում պարտավոր են ընտրություն կատարել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն օրեր առաջ՝ հունվարի 24-ին, հանձնաժողովում քննվող մի գործի շրջանակներում արձանագրել է այս փաստը, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող իրենց հիմնական պաշտոնից բացի այլ՝   անհամատեղելի պաշտոն զբաղեցնել, վկայակոչել են «Հանրային ծառայությունների մասին» օրենքը, համաձայն որի՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ համայնքի ավագանու անդամների) և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։

Նշենք, որ քննության առարկա գործը վերաբերել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ևս ընդգրկված էր ավագանու ցուցակում, սակայն ընտրություններից հետո՝ հոկտեմբերի 10-ին, ինքնաբացարկ ներկայացրեց ավագանու անդամի պաշտոնից: Այդուհանդերձ, Կոտոլյանի մասով վարույթ էր հարուցվել, և գործը քննվել է հունվարի 24-ին։ Կոտոլյանի ՝ իբրև հանրային պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ որոշումն անալոգիայի կարգով տարածվում է մյուսների վրա, ուստի հանձնաժողովը շրջաբերական է կազմել և ուղարկել իրավասու բոլոր մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված ժամկետներում կատարեն օրենքի պահանջը։ Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք օրենքից դուրս են գործում:

Հանձնաժողովի քարտուղար Նարինե Ավետիսյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ ժամկետը մինչև փետրվարի 14-ն է․ «Այո, անհամատեղելիության պահանջների առումով խնդիր կա, և դա շրջաբերականներով տրվել է իրավասու մարմիններին՝ ՏԿԵՆ, Երևանի քաղաքապետարան, կառավարություն, որպեսզի շրջանառեն ու տեղյակ լինեն հանձնաժողովի որոշմանը»: Իսկ եթե չեն կատարում օրենքի պահանջը, ի՞նչ է նախատեսվում։ «Եթե խախտում են, օրենքով սահմանված կարգով վարույթ է սկսվելու, իսկ անհամատեղելիության պահանջների խախտման հետ կապված միակ կարգապահական տույժը պաշտոնից զրկումն է, մենք այս պահին, քանի որ գիտենք, որ կա օրենսդրական այնպիսի խնդիր, որը տարընկալում է առաջացնում անձանց մոտ, և շատ հարցադրումներ ենք ունեցել, այդ իսկ պատճառով հանձնաժողովը որոշեց ինչ-որ մի ժամանակահատված տալ՝ նաև իրազեկման հետ կապված, ապա քայլեր ձեռնարկեն: Իսկ եթե մինչև այդ ժամկետը քայլեր չարվեն, ապա օրենքով սահմանված ընթացակարգով ընթացք կտրվի, այսինքն՝ եթե մինչև փետրվարի 15-ն իրենք խնդիրները կարգավորեն և տեղեկացնեն հանձնաժողովին, հանձնաժողովը, որպես դրական դրսևորած վարքագիծ, հաշվի կառնի, եթե ոչ, ապա օրենքով սահմանված ընթացակարգը կգործի»։

Իսկ հանձնաժողովի քարտուղարի նշած տարընկալումը վերաբերում է նրան, որ 2022 թվականին Ազգային ժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որով ամրագրվել է, որ «հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ավագանու անդամի, չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում», որն էլ առերևույթ հնարավորություն է տալիս ավագանու անդամներին՝ միաժամանակ զբաղեցնել նաև հանրային պաշտոն։ Ստացվում է, որ ՔՊ-ականները հայտնվել են իրենց անգրագիտության ծուղակում, ընդունել են օրենք, որում որոշակի հակասություններ կան։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։