Ուրիշներն ապրում են այն աշխարհում, որն իրենց պարտադրուած է, ես ստեղծում եմ այն աշխարհը, ուր ուզում եմ ապրել. Էմիլ Գազազ

Հայ աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազը (Էմանուել Գազազյան) ծնվել է հունվարի 14-ին, 1953 թ․, Լենինականում։

Յոթ տարեկանից արվեստի տեղական դպրոցում ուսումնասիրել է քանդակագործություն, իսկ 12 տարեկանից հաճախել Մերկուրովի արվեստի դպրոցը: Երևան տեղափոխվելուց հետո շարունակել է ուսումը Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում, ավարտել է 1972 թ., իսկ 1978 թ. գերազանցությամբ ավարտել է Գեղարվեստի և թատրոնի ինստիտուտը:

1968 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների և արտէքսպոների։

Ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Գյումրու ճարտարապետության և քաղաքաշինության թանգարանում։

2004 և 2007 թվականներին Ֆլորենցիայում տեղի ունեցող միջազգային բիենալեում Էմիլ Գազազն արժանացել է «Մեդիչի» ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում։

2005 թվականից ցուցադրվում է Երևանի Արամե պատկերասրահում, արժանանալով մասնագետների բարձր գնահատանքին։

1980 թվականից հաստատվել է Լոս Անջելեսում: Նա ցուցահանդեսներ է ունեցել  Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Կանադայում, Միացյալ Նահանգներում: Մեծ ճանաչում է ձեռք բերել արվեստի միջազգային քննադատների կողմից:

Գազազի կերտած անիրական, ֆանտաստիկ կերպարները ստեղծում են յուրօրինակ, հեքիաթային աշխարհ:

«Ուրիշներն ապրում են այն աշխարհում, որն իրենց պարտադրուած է, ես ստեղծում եմ այն աշխարհն, ուր ուզում եմ ապրել»,-այսպես է բնորոշում Էմիլ Գազազը իր ստեղծագործական աշխարհը: